Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Փոփոխությունները կարող են տանել զարգացման, եթե դրանք կառավարվեն, այլապես կվերածվեն քաոսի»

«Փոփոխությունները կարող են տանել զարգացման,  եթե դրանք կառավարվեն, այլապես կվերածվեն քաոսի»
11.05.2018 | 01:12

«Մեր խնդիրն է հասարակության շարունակական կրթության միջոցով զարգացնել նրա եկամուտ ստեղծելու կարողունակությունը, ապահովել մատչելի պայմաններ ինքնաբավությունը ապահովելու համար, երաշխավորել անվտանգությունն ու առաջնային առողջությունը և երրորդ փուլում հնարավորություն տալ ինքնադրսևորվելու տարբեր ինստիտուցիոնալ եղանակներով»,- կառավարման խորհրդատու ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցը սկսեցինք` մեջբերելով նրա գրառման այս հատվածը:


-Գնու՞մ ենք արդյոք Ձեր նշած երեք հիմնական խնդիրները լուծելու ճանապարհով:
-Եթե խոսենք վերջին տարիների մասին, հաշվի առնելով մեր թիմի և ՔՀԿ ու այլ դերակատարների ներգրավվածությունն ու մասնակցությունը (մարզերում երեք տարուց ավելի է` համայնքների զարգացման ծրագրեր ենք իրականացնում), կարող եմ ասել, որ, այո, տեղի է ունենում: Թե պետական, թե միջազգային տարբեր կառույցների տրամադրած ռեսուրսները, ֆինանսական միջոցները օգնում էին այդ համայնքներում տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, սեփական եկամտի ձեռքբերմանն ու ավելացմանը և զարգացմանը միտված տարբեր տեսակի խնդիրների լուծմանը:
Թե ինչ տեղի կունենա այսօրվանից սկսած, ինչ ֆորմատով ինչ սխեմաներ կլինեն, չեմ կարող ասել: Բայց այդ հրապարակման մեջ նշել էի, որ հասարակության բնականոն զարգացումը պետականության կայացման միակ ճանապարհն է, որի հիմքում գիտակցվում է արժեք ստեղծելը, ըմբռնվում է տեսլականը և այլն:
-Իսկ երբ ասում եք, որ էվոլյուցիոն ճանապարհին պետք է իրականացնել ռեէվոլյուցիոն փոփոխություններ, ի՞նչ նկատի ունեք:
-Էվոլյուցիոն ճանապարհին համակարգը, այսպես ասած, մնում է նույնը, և բնական զարգացման գործընթացներում այդ նույն համակարգի կողմից իրականացվում են ռեէվոլյուցիոն փոփոխություններ: Չեմ կարող ասել, որ մեր նորանկախ պետության տարիներին իշխանություններն այդպիսի հզոր, կտրուկ փոփոխություններ իրականացրել են, բայց դրանք եղել են:
-Այս օրերին մեր երկրում տիրող իրավիճակի, շարժման հիմքում երիտասարդներն են: Բայց Դուք նկատե՞լ եք, որ միշտ էլ պայքարում են երիտասարդները: Այդ կոնտեքստում` հեղափոխություններ տեսած, որոշակի ճանապարհ անցած առավել ավագ սերունդն ի՞նչ ունի ասելու նոր սերնդին:
-Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ փորձ արվեց, այսպես ասած, այրել բոլոր կամուրջները, որոշ ժամանակ անց թե քաղաքական դաշտում, թե մշակույթի և այլ ոլորտներում զգացվեց խորհրդային սերնդի աջակցության ու խորհրդատվության անհրաժեշտությունը: Ավագ սերունդը ոչ թե որոշում կայացնելու, այլ իր կուտակած փորձը փոխանցելու դերակատարում ունի: Անկախ նրանից, թե ինչպիսին է եղել նախկին համակարգը: Որովհետև երիտասարդներն անփորձ են: Իմ կարծիքով` ցանկացած կտրուկ գործողություն բաց է թողնում ինչ-որ միջակայք: Պատկերացրեք, եթե 10 տարեկան երեխան հայտնվի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում, ի՞նչ կանի: Կսկսի խաղալ: Ճիշտ է, հետո կընտելանա, կփորձի ինչ-որ բաներ անել, բայց մի մեծ ժամանակահատված կորցնում է, հետ մնալով զարգացման ընթացքից: Խնդիրը սա է:
-Ձեր ֆեյսբուքյան էջում հիշատակել եք Կուրտ Լևինի խոսքերը. «Փոփոխությունները կարող են տանել զարգացման, եթե դրանք կառավարվեն, այլապես կվերածվեն քաոսի»: Ինչպիսի՞ն են տրամադրությունները մեր երկրում: Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ մեզ:
- Ես համոզված եմ, որ բոլորիս առջև պետք է առաջին հերթին դրվեն խնդիրներ հետևյալ ուղղություններով. մարդկանց կատարած աշխատանքին համահունչ աշխատավարձ և աշխատատեղեր, առողջապահական և ապահովության, ինչպես նաև անվտանգության տարրական լուծումներ, տարբեր ոլորտներում ինքնահաստատվելու համար մատչելիություն և հնարավորություններ: Իմ համոզմամբ` այս պահանջմունքները բավարարելուց հետո միայն փոփոխված օրենքները կարող են կիրառվել հենց մարդկանց կողմից:
Ինչևէ, հաշվի նստելով այսօրվա իրողության հետ, ինչպես նաև համոզված լինելով, որ միայն կրթված ու գիտակցական բարձր մակարդակ ունեցող հասարակությունը կարող է ինքնուրույն տեր կանգնել իր իրավունքի պաշտպանությանը և չմոռանալով նախկին գործունեության ուղղությունները (համայնքային տնտեսական զարգացում, քաղաքացիական գիտակցության բարձրացում, կառավարում), այսօրվանից սկսած ես և իմ թիմը մեր օրակարգում ենք դնելու համատարած կրթական գործողություններ «Փոփոխությունների արդյունավետ կառավարում» թեմայով:
Պետական կառավարման համակարգը պետք է լինի առաջին ոլորտը, որի հետ ինտենսիվորեն պետք է սկսել այս կրթական գործընթացը, և եկող շաբաթվանից արդեն իրականացնելու եմ «Մարդկային ռեսուրսի մոտիվացիայի և փոփոխությունների կառավարումը» թեմայով կողմնորոշիչ դասընթացները տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ